Հայաստանում տարածքային զարգացումը խիստ անհամաչափ է, եւ դա գնալով ավելի է խորանում: Այս մասին, հուլիսի 7-ին, Հանրային խորհրդում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ժամանակ նշել է ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանը:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նա Հանրային խորհրդի նախագահին ու ՀԽ անդամներին է ներկայացրել «ՀՀ 2016-2025 թթ. տարածքային զարգացման ռազմավարության նախագիծը», այնուհետեւ կողմերի միջեւ ծավալվել է բովանդակային լայն քննարկում ՀՀ մարզերի, համայնքների ներկա վիճակի, առկա խնդիրների, համայնքների խոշորացման պիլոտային ծրագրի եւ առհասարակ երկրի համաչափ զարգացման հեռանկարների վերաբերյալ:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, կարեւորելով նախարարի հետ վերոնշյալ հարցերի քննարկումը, ընդգծել է, որ Հանրային խորհրդի ստեղծումից ի վեր խորհրդի օրակարգային հիմնական հարցերի շրջանակներում են եղել գյուղատնտեսությունն ու արդյունաբերությունը, որոնց զարգացումը առանցքային նշանակություն ունի երկրի առաջընթացի համար:

Ներկայացնելով ՀՀ 2016-2025 թթ տարածքային զարգացման ռազմավարության գլխավոր նպատակները` Դավիթ Լոքյանը կարեւորել է առանձին տարածքներում տնտեսության զարգացումը, ձեռներեցության խթանումը, զբաղվածության մակարդակի բարձրացումը, բնակչության եկամտի աղբյուրների դիվերսիֆիկացիան, կենսապայմանների բարելավումը, որն իր հերթին կնպաստի 2 կարեւորագույն խնդիրների լուծմանը` տարածքների մրցունակության բարձրացում եւ մարզերի միջեւ առկա անհամաչափությունների մեղմում:

Խոսելով համայնքների խնդիրների մասին` նախարարն առանձնացրել է դեմոգրաֆիական, տնտեսական, մարդկային ռեսուրսների սակավության հետ կապված հարցերն ու ներկայացրել համայնքների զարգացման աշխարհի փորձն ու ռազմավարական լուծումները` երկրում հավասարաչափություն ապահովելու ուղղությամբ: Նա նշել է, որ մեր երկրում այսօր տարածքներն իրենց զարգացվածության մակարդակով խիստ անհամաչափ են, եւ դա գնալով ավելի ու ավելի է խորանում` իր բոլոր հնարավոր բացասական հետեւանքներով, ուստի պետք է այդ խնդրի հաղթահարման ուղղությամբ լուրջ քայլեր ձեռնարկել: «Հայաստանում այս տարիներին բավականին մեծ ներդրումներ են կատարվել, սակայն դրանք եղել են ոչ կանոնակարգված ու ամբողջական, այդ պատճառով տվյալ տարածքի զարգացումն ամբողջական չի եղել, տարածքների բացարձակ մեծամասնությունը հիմնականում զրկված է եղել զարգացման տեմպերից»,-նշել է նախարարը: