Երբեմն կան տարածքային զարգացման ոլորտի զարգացման վերաբերյալ հիանալի ռազմավարություն եւ ծրագրեր, սակայն դրանք չեն իրագործվում: Այս մասին, հուլիսի 7-ին, Հանրային խորհրդում ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանի հետ հանդիպման ժամանակ նշել է ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը՝ անդրադառնալով համայնքների խոշորացման խնդրին:

ՀԽ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀԽ անդամները բազմաթիվ հարցեր են բարձրացրել` կապված պիլոտային ծրագրի իրականացման նպատակների, ակնկալիքների, հնարավոր հետեւանքների եւ արդյունքների գնահատման հետ:

Նախարարը համոզմունք է հայտնել, որ խիստ փոքր համայնքներում տարածքների լիարժեք զարգացում չի կարող լինել, եւ համայնքների խոշորացման հիմնական նպատակը միջոցների ճիշտ կառավարման շնորհիվ այդ տարածքները զարգացնելն է:

ՀԽ անդամները նախարարին են ուղղել հարցեր նաեւ ՀՀ մարզերից արտագաղթի կանխման ուղղությամբ իրականացվելիք քայլերի, մարզերում մասնագիտական ռեսուրսների ապահովման խնդիրների, բնակչության թվի աճի, տեղում ձեռնարկատիրական գործունեության, արդյունաբերության զարգացման, հեռավոր գյուղերում հեռավար ուսուցման կազմակերպման հնարավորությունների, տարածքային զարգացման ռազմավարությունը ՀՀ մյուս ոլորտների հետ ներդաշնակորեն իրականացնելու, դրա իրականացման նկատմամբ վերահսկողություն սահմանելու եւ այլ հարցերի վերաբերյալ:

Վազգեն Մանուկյանը, մեկ այլ խնդիր էլ համարել է հստակ տեսլականի բացակայությունը, թե, ի վերջո, ինչպիսի՞ երկիր, ինչպիսի քաղաք ու գյուղ ենք մենք ուզում ունենալ:

Ամփոփելով քննարկումը` ՀԽ նախագահը շնորհակալություն է հայտնել Դավիթ Լոքյանին տպավորիչ քննարկման ու զեկույցի համար եւ նշել, որ Հանրային խորհուրդը պատրաստ է աջակցել նախարարությանը ՀՀ 2016-2025թթ տարածքային զարգացման ռազմավարության իրագործման հարցում:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել ռազմավարությանն առնչվող առանձին հարցերի վերաբերյալ Հանրային խորհրդում կազմակերպել առավել մասնագիտական հանդիպումներ ու քննարկումներ: