«Զվարթնոց» օդանավակայանը շահագործման վերցրած կոնցեսիոները առանց նախագիծը վերջնական հաստատման ներկայացնելու սկսել է էստակադայի ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց շենքի հեղինակ ճարտարապետներից Արթուր Թարխանյանի դուստր, «Զվարթնոց» օդանավակայանի հեղինակային իրավունքի իրավատեր, ճարտարապետ Անահիտ Թարխանյանը: 

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի էստակադան արդեն 10 օրից ավելի է՝ ապամոնտաժում են՝ խախտելով բոլոր նորմատիվները: Քանդվում է ամենակոպիտ կերպով, խախտվում են բոլոր ստանդարտները: Փլուզում են էստակադան՝ առանց  պահպանելու շինմոնտաժային աշխատանքների անվտանգության պարզագույն կանոնները»,- ասաց Անահիտ Թարխանյանը:

Նա նշեց, որ վերջին քննարկումը նախագծի շուրջ եղել է ամիսներ առաջ, որի ժամանակ իրենք մեկ այլ մի նախագիծ են ներկայացրել, ըստ որի հնարավոր է փոքր ներդրումային ծրագրով արդիականացնել օդանավակայանի հին մասնաշենքը, սակայն որեւէ արձագանք չի եղել :

«Այսօր կան բազմաթիվ ժամանակակից մեթոդներ՝ սկսած բետոնի ուժեղացումից, ֆունկցիաների ուժեղացումից: Մենք նախագիծը տվեցինք Էռնեկյանին, որ իրականացնի, որեւէ արձագանք չհետեւեց, ինչից եզրակացրինք, որ ինքնանպատակ էր»,- ասաց Անահիտ Թարխանյանը:

Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը «Զվարթնոց» օդանավակայանի կլոր մասնաշենքի մասնակի ապամոնտաժման համար 2015թ․ դեկտեմբերին Երեւանի քաղաքապետարանից թույլտվություն է ստացել:

Անահիտ Թարխանյանը ունեցած փորձից վստահ է՝ սկսած ապամոնտաժման աշխատանքները տանելու են նրան, որ ամբողջ շենքը քանդվելու է:

Նշենք, որ նրա նախաձեռնությամբ այսօր՝ հուլիսի 8-ին, Երեւանի Ազատության հրապարակից դեպի ՀՀ-ում Արգենտինայի դեսպանատուն բողոքի երթ կանցկացվի:

«Մենք պահանջում ենք բացահայտել Էռնեկյանի արարքը, ոչ ասել քանդման աշխատանքներին, քանի որ պայմանագրով իրենց տրված էր միայն արդիականանցնել, օդանավայակայանը»,- ասաց Անատիտ Թարխանյանը:

Երթը մեկնարկելու է ժամը 17.00-ին:

Նշենք, որ քաղաքապետարանը պարզաբանել է, թե թույլտվությունը տրվել է միայն էստակադայի քանդման համար: