Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժած անձանց շտապ եւ անհետաձգելի բժշկական օգնությունն ու սպասարկումը պատշաճ եւ արագ կազմակերպելու նպատակով ՀՀ առողջապահության նախարարի հրամանով հուլիսի 7-ից սեպտեմբերի 25-ն ընկած ժամանակահատվածում` ուրբաթ օրերին ժամը 16:00-ից 22:00-ը, իսկ շաբաթ եւ կիրակի օրերին ժամը 08:00-ից 22:00-ը, մայրուղու Երեւան-Սեւան հատվածում սահմանվել է լրացուցիչ հերթապահություն:
Առողջապահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ աշխատանքներին ներգրավված են Կոտայքի մարզի Աբովյանի, Չարենցավանի, Հրազդանի եւ Գեղարքունիքի մարզի Սեւանի բժշկական կենտրոնների շտապօգնության ծառայությունները:
Շտապ բժշկական օգնության ծառայության աշխատանքն արդյունավետ եւ անխափան կազմակերպելու նպատակով մշակվել է հերթապահության ժամանակացույց, սահմանվել են բժշկական կենտրոնների հերթապահության օրերը, շտապ բժշկական օգնության բրիգադների տեղակայումը մայրուղում:
Արձանագրված յուրաքանչյուր դեպքի մասին հաղորդվելու է ՀՀ առողջապահության նախարարության «թեժ գիծ» ծառայությանը:





























