Երեւանում այսօր՝ հուլիսի 8-ին, տեղի ունեցած սպանության վայրում հանցագործության գործիք կացնից բացի,  հայտնաբերվել է նաեւ կտրված մատ, որը պատկանում է կացնահարված 62-ամյա Վաչագան Մանսուրյանին:

Վաչագան Մանսուրյանն ու նրա 37-ամյա դուստրը՝ Թագուհի Մանսուրյանը մարմնական տարբեր վնասվածքներով տեղափոխվել են Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոն, իսկ կացնահարված 60-ամյա Կարինե Մանսուրյանը տեղում մահացել է:

Հիվանդանոցիցի NEWS.am-ին տեղեկացրել էին, որ Թագուհի եւ Վաչագան Մանսուրյանները վիրահատվել են, այս պահին նրանց վիճակը կայուն ծանր է:

Թագուհի Մանսուրյանը միացված է  արհեստական շնչառության ապարատին, հայրը ինքնուրույն է շնչում:

Նշենք, որ սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը, որը Մանսուրյանների ընտանիքի նախկին փեսան է:  Վլադիկ Մարտիրոսյանը նրանց հետ վիճաբանել է երեխայի խնամքի հետ կապված հարցերի շուրջ, որն ավարտվել է ողբերգությամբ:

2-ամյա տղա երեխան դեպքի պահին եղել է տանը, նրան հարեւաններն են տնից հանել եւ տարել բարեկամներից մեկի տուն:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին՝ մասով սպանություն եւ 112-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը:

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել եւ վերցվել են արնանման հետքեր, արնանման հետքերով կացին, դատարկ գարեջրի շիշ եւ այլ առարկաներ:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու համար նշանակվել են դատաբժշկական, դատակենսաբանական, դատաքիմիական, դատահետքաբանական եւ դատագենետիկական փորձաքննություններ:

Վլադիկ Մարտիրոսյանը ձերբակալվել է:

Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ` դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար: