Այս տարվա ապրիլի սկզբին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած քառօրյա պատերազմից հետո ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբում ստացվել է 4 մլրդ 562 մլն 175 հազար դրամ, որի 50 տոկոսը հուլիսի 1-ի դրությամբ օգտագործվել է:

ԼՂՀ Ազգային ժողովի նիստերի փոքր դահլիճում այսօր՝ հուլիսի 8-ին, խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախաձեռնությամբ, տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության օպերատիվ շտաբի գործունեության հաշվետվության ներկայացումը:

ԼՂՀ ԱԺ-ից  NEWS.am-ին հայտնում են, որ Ազգային ժողովում հաշվետվությունը ներկայացրել է օպերատիվ շտաբի ղեկավար, վարչապետ Արայիկ Հարությունյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ ստացված ոչ դրամական արժեքները գույքագրվել են կառավարության պահեստներում, պարենային ապրանքները համակարգվել են գյուղհիմնադրամի կառույցների, իսկ իրային օգնությունը՝ ներդրումային հիմնադրամի միջոցով:

Հաշվետվության համաձայն 100- ից ավել նոր մեքենա է տրամադրվել պաշտպանության նախարարությանը, փրկարար ծառայությանը, շտապօգնության կայաններին եւ պետական կառավարման համակարգերին՝ հիմնականում շրջանային:

Դրամական փոխանցումները կազմել են 4 մլրդ 562 մլն 175 հազար դրամ: Հուլիսի 1-ի դրությամբ՝ ստացված գումարի շուրջ 50 տոկոսը ծախսվել է, որից հատկացումներ են կատարվել ինժեներական աշխատանքների իրականացման եւ զորակոչված քաղաքացիների դրամական փոխհատուցման համար:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հաշվետվությունը կներկայացվի նաեւ հասարակական-քաղաքական շահագրգիռ շրջանակներին եւ լրատվամիջոցների ներկայացուցիչներին:

Հանդիպման ընթացում, այս ուղղություններով համապատասխան հաշվետվություններով հանդես են եկել նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Լեւոն Գրիգորյանը եւ քաղաքաշինության նախարար Կարեն Շահրամանյանը:

Այնուհետեւ տեղի է ունեցել մտքերի փոխանակություն, որի ընթացքում  խորհրդարանականներն օպերատիվ շտաբի ղեկավարին են ներկայացրել համապատասխան առաջարկներ եւ առաջադրել հարցեր՝ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակները կարգավորող ենթաօրենսդրական ակտերի, տարհանված բնակչության կարիքների հանդեպ ուշադրության եւ այլ թեմաներով:

Օպերատիվ շտաբի առավել մանրամասն հաշվետվությունն օրերս կներկայացվի կառավարության մամլո ծառայության կողմից:

Հիշեցնենք, որ ապրիլի առաջին օրերին, ԼՂՀ դեմ ադրբեջանական ագրեսիային արձագանքելու նպատակով, ստեղծվել է կառավարությանն առընթեր օպերատիվ շտաբ, որը համակարգել է այդ օրերին աշխարհի տարբեր կողմերից Արցախ առաքվող դրամական, նյութական եւ այլ կարգի օգնությունները: