Ավիատոմսերի հարցում Հայաստանի սպառողների իրավունքների պաշտպանությունը պետք է լրջորեն վերանայել։ Այս մասին հուլիսի 8-ին՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ձեռնարկատիրության հարցերով Խորհրդակցական կոմիտեի նիստի շրջանակներում, լրագրողներին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով քաղավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, մասնավորապես այն հարցին, որ ավիատոմսերի գները շեշտակի բարձրացել են:

«Ծառայությունների մատուցման եւ հատկապես ավիափոխադրումների ոլորտում սպառողների եւ ծառայություն մատուցողների շահերի պաշտպանության առումով Հայաստանը լուրջ վերանայումների կարիք ունի: Ինչ վերաբերում է ավիացիայի ոլորտում գնագոյացման համակարգին, իսկապես, սա մտահոգիչ է: Նկատի առնելով հանգամանքը, որ էկոնոմիկայի նախարարությունը կարճ ժամանակ է, որ ստանձնել է այդ գործառույթը, մենք թե կարողությունների հզորացման, թե համակարգի ավելի լավ ուսումնասիրման աշխատանքների մեջ ենք: Սա թե էկոնոմիկայի նախարարության, թե տնտեսական մրցակցությունը պաշտպանող հանձնաժողովի, ինչպես նաեւ այլ իրավասու մարմինների քննարկման հարցը պետք է լինի: Մենք նախաձեռնել ենք քննարկումներ, քանի որ չկա լիարժեք արդյունք, չեմ կարող հրապարակել»,-ասաց նա:

Նախարարի խոսքով, ավիափոխադրումների ոլորտում գնագոյացման հնարավոր դեմպինգային գործողությունները բացահայտելու իմաստով եւ շուկայի մասնակիցների շահերը պաշտպանելու առումով լուրջ վերանայումների կարիք կա:

«Այնպես չի, որ սա հեշտ հարց է, օրինակ զարգացած երկրներն էլ են բախվում թաքնված դեմպինգային երեւույթների, որի հետեւանքը լինում է շուկայի մրցակցային վիճակի խաթարումը: 

Նշենք, որ ավիատոմսերի գները Վերին Լարսի փակվելուց հետո (հունիսի 23) շուրջ կրկնակի թանկացել են: Օրինակ՝ դեպի Սոչի ավիատոմսի արժեքը հասել է 120 հազար դրամի, միակ ընկերությունը, որ ուղիղ չվերթ է իրականացնում այդ ուղղությամբ, «Աերոֆլոտն» է: Դեպի Կրասնոդար ավիատոմսի արժեքը հասել է 150 հազար դրամի, այդ ուղղությամբ չվերթներ են իրականացնում միայն «Ուրալը» եւ «Յուտեյր Արմենիան»:

Այս առնչությամբ Հայաստանի քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը NEWS.am-ին հայտնել էր, որ ռուսական ընկերությունները կոնկրետ ուղղություններով ավիափոխադրումներ իրականացնելու մենաշնորհ ունեն, եւ օգտվելով հանգամանքից, որ Վերին Լարսի անցակետը փակվել է, թանկացնում են ավիատոմսերի գները: