ԱՄՆ-ը ողջունում է Հայաստանում քաղաքական ձայների բազմացումը: Այս մասին, հուլիսի 8-ին, «Լուսավոր Հայաստան» կուսակցության գլխավոր գրասենյակ այցելության ժամանակ նշել է ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը:
Կուսակցության գրասենյակից NEWS.am-ին հայտնում են, որ ԱՄՆ դեսպանատան պատվիրակությունը՝ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորությամբ այցելել է Լուսավոր Հայաստան կուսակցության գլխավոր գրասենյակ։
«Լուսավոր Հայաստան» կուսակցությունից հանդիպմանը մասնակցում էին Կուսակցության խորհրդի նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը, խորհրդի անդամներ՝ Կարեն Սիմոնյանը, Դավիթ Խաժակյանը, կուսակցության վերահսկիչ Գոհար Մաթեւոսյանը, մամուլի քարտուղար Անի Սամսոնյանը:
Կուսակցության անդամները ներկայացրել են Հայաստանի զարգացման վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» կուսակցության տեսլականը, հիմնադրման օրվանից մինչ օրս կատարված աշխատանքները եւ առկա մարտահրավերները։
Ներկայացվել է նաեւ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններին կուսակցության մասնակցության ձեւաչափը, իրականացվող աշխատանքները եւ տարածքային ընդգրկումը։
Դեսպան Միլսն իր խոսքում կարեւորել է քաղաքական բազմազանության զարգացումն ի նպաստ կայուն եւ ժողովրդավարական Հայաստանի: «Քաղաքական բազմազանությունն ու բազմակարծությունը կարեւոր են բոլոր հասարակություններում: Մենք առաջընթացը տեսնում ենք այնտեղ, որտեղ անհատներն ազատ են արտահայտելու իրենց դիրքորոշումը եւ համախմբվելու գաղափարների ու քաղաքական հավակնությունների շուրջ»,- նշել է դեսպան Միլսը:
«Այդ պատճառով մենք ողջունում ենք Հայաստանում քաղաքական ձայների բազմացումը: ԱՄՆ դեսպանատունը հանձնառու է լինել գործընկեր հայաստանյան բոլոր պատասխանատու քաղաքական ձայների` Կառավարության, ընդդիմության, քաղաքացիական հասարակության, ԶԼՄ-ների համար կայուն, ժողովրդավարական եւ բարգավաճ Հայաստան կառուցելու գործում»:





























