Առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում  արձանագրված դրական դինամիկային անհրաժեշտ է նոր թափ հաղորդել: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Սանկտ Պետերբուրգում Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի ժամանակ նշել է հանձբնաժողովի համանախագահ, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի մասնակիցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, մասնավորապես, վարչապետ Դմիտրի Մեդվեդեւին, Մաքսիմ Սոկոլովին եւ Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սելաֆների հետեւանքով Վերին Լարսի անցակետի շրջանում արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության եւ նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար:  Իր խոսքում վարչապետը գոհունակությամբ  նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաեւ նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում  են ստացել բազմաթիվ հարցեր  եւ ավելացրել, որ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպել է ընթացիկ տարվա սկզբին Երեւանում եւ դիտարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, քննարկել ենթակառուցվածքային նախագծերի եւ ծրագրերի հեռանկարները: Վարչապետի խոսքով՝ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում  արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի եւ ենթակառուցվածքների,  գյուղատնտեսության եւ այլ ոլորտներում,  ձեւավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:

Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով՝ վարչապետը կարեւորել է տարածաշրջանների միջեւ ուղիղ կապերի հաստատումը եւ այդ համատեքստում ընդգծել է հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը եւ Երեւանում հաջողությամբ անցկացված 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, առանձնացրել նաեւ հումանիտար՝ կրթական եւ մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական  հարաբերություններում: Վերջում Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել,  որ նիստի ընթացքում քննարկվող հարցերը, որոնք ընդգրկում են   հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը   հարցերի ողջ շրջանակը, կնպաստեն երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, ինչպես նաեւ    կսահմանվեն դաշնակցային փոխգործակցության գործնական բովանդակության նոր ուղղությունները:

Իր հերթին, Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այսօրվա նիստը, ինչպես նաեւ պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, գտնելու օպերատիվ լուծումներ տարբեր հարցերի շուրջ: ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ հաջողությամբ զարգանում է առեւտրատնտեսական փոխգործակցությունը, գնալով ավելանում է առեւտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաեւ երկու երկրների՝ միեւույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը:

Նրա խոսքով՝Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության եւ այլն: Հաջողությամբ իրականացվում են նաեւ Ռուսատանի եւ Հայաստանի միջեւ մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները: Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ քննարկվող հարցերը կնպաստեն երկու երկրների միջեւ տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերի էլ ավելի ամրապնդմանը:

Նիստում նախ ներկայացվել եւ ի գիտություն է ընդունվել ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին: Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առեւտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը եւ միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ եւ ՌԴ միջեւ մինչեւ 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր: Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին եւ ծրագրերին: 

Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում  կայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի եւ ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարեւորել են հայ-ռուսական առեւտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը եւ առեւտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը: Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը եւ կանոնավոր հանդիպումները: