Մենք գոհ ենք կատարված աշխատանքով եւ ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո իր խոսքում նշել է ՀՀ վարչապետ, հայկական կողմի համանախագահ Հովիկ Աբրահամյանը:

Վարչապետ Աբրահամյանն իր խոսքում, մասնավորապես, նշել է.

«Հարգելի՛ Մաքսիմ Յուրիի, եւս մեկ անգամ շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար: Քիչ առաջ ավարտվեցին ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի աշխատանքները: Մենք պարոն Սոկոլովի հետ ստորագրեցինք նիստի արձանագրությունը, որն ամփոփեց նախորդ տարվա ընթացքում հանժնաժողովի կատարած աշխատանքները եւ սահմանեց մոտ ապագայում մեր համագործակցության հիմնական ուղղությունները եւ խնդիրները: Միջկառավարական հանձնաժողովի նիստը կարեւոր իրադարձություն է երկու երկրների հարաբերություններում: Հանձնաժողովը, լինելով միջպետական հարաբերությունների զարգացման արդյունավետ գործիքներից մեկը, բացառիկ հնարավորություն է ընձեռում երկկողմ հարաբերություններին վերաբերող ամենատարբեր հարցերի քննարկման համար: Այսօրվա նիստում մեր կողմից քննարկված հարցերի շրջանակը բավականին ընդարձակ էր: Քննարկվեցին էկոնոմիկայի, էներգետիկայի, տրանսպորտի, իրավա-պայմանագրային դաշտի, հումանիտար համագործակցության, կրթության, գիտության, մշակույթի եւ այլ բնագավառներին առնչվող հարցեր: Հատուկ ընդգծվեց առեւտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված դրական տեղաշարժը, որի շարունակականությունն ապահովելու համար պետք է օգտագործենք մեր ողջ ներուժը: Ամփոփելով խոսքս՝ կարող եմ նշել, որ նիստն անցավ, ինչպես միշտ, փոխըմբռնման եւ կառուցողական մթնոլորտում: Մենք գոհ ենք կատարված աշխատանքով եւ ձեռք բերված պայմանավորվածություններով, որոնք ունեն անմիջական կիրառական նշանակություն մեր երկրների տնտեսությունների համար: Վստահ եմ, որ ձեռք բերված պայմանավորվածությունները հաջողությամբ կիրականացվեն»: