Օպտիմալացվել են տարածքային հարկային տեսչությունների հսկողական գործառույթ իրականացնող ստորաբաժանումները: Այս մասին հայտնել է ՊԵԿ Կազմակերպման եւ հսկողության վարչության բաժնի պետ Ստեփան Ավագյանը:
ՄԵՊ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտեի ղեկավարի հանձնարարականով ընթացակարգային փոփոխություններ են կատարվել տեսչությունների աշխատանքի կազմակերպման գործընթացում, որպեսզի նվազագույնի հասցվեն հսկողական գործառույթ իրականացնող ծառայողների շփումները հարկատուների հետ:
2016 թվականի մարտից ընդհանրապես վերացվել է հարկ վճարողների ցանկերի ամրակցումը հսկողական բաժինների աշխատակիցներին: Ստեփան Ավագյանի տեղեկացմամբ` հարկային ծառայողը տնտեսվարողին կարող է այցելել բացառապես ստուգման հանձնարարականի առկայության դեպքում:
Հարկային տեսչություններում ներդրվել է նաեւ տնտեսվարողներին հարկային կարգապահության խնդիրների վերաբերյալ հեռախոսազանգերի միջոցով իրազեկումների նոր մշակույթ. «Ընդ որում, իրազեկումներն իրականացնում են բացառապես հսկողական գործառույթ չունեցող աշխատակիցները»,-նշել է Ստեփան Ավագյանը: Ծանուցումների դեպքում էլ առաջնահերթությունը տրվում է հարկ վճարողների էլեկտրոնային փոստերին: Կարեւորելով ծանուցումների համակարգի զարգացումը որպես հարկ վճարողի կողմից ինքնահայտարարագրման միջոցով հարկային պարտավորությունների ճշտման արդյունավետ գործիք, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ աշխատանքներ են տարվում վերլուծությունների եւ ծանուցումների կատարելագործման, միասնական մոտեցումների ներդրման ուղղությամբ: Միաժամանակ ստուգումների եւ ուսումնասիրությունների կազմակերպման եւ իրականացման նպատակով տեսչություններում կիրառվում է նոր մեխանիզմ. վերլուծական խմբի կողմից ռիսկային գնահատված եւ ստուգման ենթակա հարկ վճարողի մոտ ստուգում իրականացնող հարկային ծառայողի ընտրությունը կատարվում է համակարգչային ծրագրով՝ այդպիսով բացառելով մարդկային գործոնը:




























