Ռուսաստանի եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաեւ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսով քննարկել են ներուկրաինական ճգնաժամի զարգացումը: Այդ մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը: 

Աղբյուրի համաձայն, զրույցի ընթացքում մասնակիցներն անհանգստություն են հայտնել վերջին ժամանակներս Դոնբասում հրադադարի ռեժիմի հաճախացած խախտումների կապակցությամբ: Շեշտը դրվել է հակամարտության գոտում իրավիճակի հետագա դեգրադացիա թույլ չտալու խնդրի առաջնայնության եւ այդ նպատակով ծանր սպառազինության հետքաշման եւ շփման գծում ուժերի փոխադարձ  նոսրացման վերաբերյալ պայմանավորվածությունների հետագա իրականացման վրա: 

Վլադիմիր Պուտինը ուշադրություն է հրավիրել հարավ-արեւելքում ուկրաինական  զորքի գործողությունների սադրիչ բնույթի վրա: Այդ կապակցությամբ նա զրուցակիցներին կոչ է արել ավելի ակտիվորեն ազդել ուկրաինական կողմի վրա, այդ թվում` Վարշավայում Պյոտր Պորոշենկոյի հետ առաջիկա շփումների ընթացքում` ապահովելու մինսկյան պայմանավորվածությունների հստակ իրականացումը:  

Առաջնորդներն ընդգծել են տարբեր ձեւաչափերում ինտենսիվ բանակցությունների անհրաժեշտությունը Միջոցների մինսկյան համալիրի ամբողջական եւ համընդգրկուն իրականացման նպատակով:  Նշվել է անվտանգության եւ քաղաքական կարգավորման ոլորտում ջանքերի համաժամանակեցման նպատակահարմարությունը, ինչը ներառում է մշտական հիմքի վրա Դոնբասի հատուկ կարգավիճակի օրենսդրական ամրագրում, սահմանադրական բարեփոխման անցկացում եւ տեղական ընտրությունների կազմակերպում: 

Պայմանավորվել են շարունակել ուկրաինական խնդիրների վերաբերյալ խորհրդակցությունները տարբեր մակարդակներում: