Հայաստանի իշխանություններն այլեւս ի վիճակի չեն զսպել միգրացիան: Այդ մասին հուլիսի 8-ին Երեւանում հայտնել է «Ազգային միասնություն» շարժման կազմակերպչական կոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը` ելույթ ունենալով շարժման մարզային կառույցների ներկայացուցչական ժողովին: 

Նրա խոսքով, Հայաստանի բնակիչներն ուզում են մնալ հայրենիքում, բայց տանն առավել կամ պակաս արժանապատիվ կյանքի հույս չունեն: Մեծապես այն պատճառով, որ քաղաքացիները չեն տեսնում նոր աշխատատեղերի ստեղծման ուղղությամբ իշխանությունների ջանքերը: Տարբեր հետազոտությունների համաձայն, Հայաստանում   1 մնալ ցանկացողին բաժին է ընկնում երկու մեկնել ցանկացող: Իսկ երիտասարդության շրջանում այդ հարաբերակցությունն էլ ավելի տագնապահարույց է` 1-ը 3-ի: «Եվ դա պատահական չէ, եթե Հայաստանում երիտասարդության շրջանում գործազրկությունը  40 տոկոս է կազմում: Երիտասարդությունը չի զգում իր հանդեպ պետության հոգատարությունը», - հավելել է Աբրահամյանը: