Հայաստանի փոքր բիզնեսին անհրաժեշտ է Ռուսաստանի խոշոր եւ բարենպաստ շուկայում լիարժեք սպառում ապահովել։ Այս մասին հուլիսի 8-ին Երեւանում ասել է «Ազգային միասնություն» շարժման կազմկոմիտեի նախագահ, Ռուսաստանի հայերի  միության նախագահ Արա Աբրահամյանը՝ ելույթ ունենալով շարժման մարզային կառույցների ժողովի ժամանակ։

Նրա խոսքով՝ անգամ եթե չխոսենք ռուսական շուկայի մասին ընդհանուր առմամբ, բավական է հիշատակել, որ Ռուսաստանում ապրում է մոտ 3 մլն հայ։ Նրանց շրջանում հայկական արտադրանքը հատկապես պահանջված է։ Եվ պետք է գնորդներին հասցնել փոքր արտադրողների արտադրանքը, չէ՞ որ նրանց համար, ի տարբերություն մեծ բիզնեսի, դժվար է Ռուսաստանի տարածքում գնորդ գտնելը։ «Ահա դրա համար մենք կհամագործակցենք Սփյուռքի նախարարության եւ այլ կառույցների հետ։ Կփորձենք միջոցներ գտնել շուկան հասանելի դարձնելու համար։ Այդ ժամանակ ներդրողներն էլ իրենց ավելի վստահ կզգան, այդ թվում՝ տեղական ներդրողները»,– նշել է Աբրահամյանը։