Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանի գլխավորությամբ հուլիսի 8-ին տեղի է ունեցել  Անչափահասների արդարադատության խորհրդի հերթական նիստը:

Խորհուրդը ստեղծվել է Արդարադատության նախարարության եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Երեխաների համար արդարադատության մատչելիության  բարելավում Հայաստանում» ծրագրի շրջանակներում:

Ողջունելով ներկաներին՝  Արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը  բարձր է գնահատել նորաստեղծ խորհրդի աշխատանքները եւ նշել, որ տարիներ շարունակ անչափահասների արդարադատության ոլորտը եղել է Արդարադատության նախարարության ուշադրության կենտրոնում: Նրա խոսքով՝  խորհուրդը ստեղծել է մի հարթակ, որի գլխավոր նպատակն է համատեղ ջանքերի օգնությամբ անչափահասների արդարադատությունը  դարձնել առավել արդյունավետ: 

Փոխնախարարը տեղեկացրել է, որ միջազգային եւ ազգային փորձագետների ներգրավմամբ իրականացվել է  օրենսդրության վերլուծություն երեխաների իրավունքների պաշտպանության բարելավման  եւ երեխայամետ արդարադատության զարգացման տեսանկյունից եւ ներկայացրել առաջարկությունների համապատասխան փաթեթը՝ ընդգծելով, որ ազգային եւ միջազգային փորձագետների կողմից նախագծվել է հետագա  գործողությունների պլանը:

Նիստի ընթացքում ՀՀ Արդարադատության նախարարության «Իրավախախտում կատարած անձանց վերականգնողական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գայանե Հովակիմյանը  ներկայացրել է 2015 թվականին համակարգում իրականացված ծրագրերը, օրենսդրության վերլուծությունը՝ երեխայի շահերի կամ իրավունքների պաշտպանության տեսանկյունից եւ ոլորտի վիճակագրությունը:

Հանդիպման ընթացքում ՀՀ Ոստիկանության եւ հետախուզության վարչության 3-րդ վարչության պետ, գնդապետ Նելլի Դուրյանը եւ «Երեխաների աջակցության կենտրոն» հիմնադրամի գործադիր տնօրեն Միրա Անտոնյանը ներկայացրել են անչափահասների հանցավորության կանխարգելման ռազմավարության նախագիծը՝ իրականացված ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ:

Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության ծրագրերի պատասխանատու Ջորջ Աբաջյանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի Երեխաների պաշտպանության բաժնի ղեկավար Հայկ Խեմչյանը խորհրդի անդամներին հանգամանալի ներկայացրել են ԵԻԿ (Երեխաների իրավունքների կոմիտե) առաջարկությունները եւ հանձնարարականները՝ անչափահասների արդարադատության ոլորտի վերաբերյալ:

Հանդիպման ավարտին կողմերը նախնական պայմանավորվածություն են ձեռք բերել ակտիվացնել միջգերատեչական համագործակցությունը եւ պետություն-քաղաքացիական հասարակություն համագործակցությունը անչափահասների արդարադատության ոլորտին առնչվող հարցերի շուրջ: