Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանն իր քաղաքական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ փակագծերը բացելու է ավելի ուշ: Այս մասին նա նշել է իր գլխավորած «Ազգային միասնություն» շարժման ֆորումից հետո լրագրողների հետ զրույցում:
Քաղաքական կուսակցություն հիմնելու խոսակցություններին անդրադառնալով, նա ասաց, որ այդ մասին որոշ ժամանակ անց կխոսի՝ հստակ չպատասխանելով խորհրդարանական ընտրություններից առաջ, թե հետո:
Արա Աբրահամյանը լրագրողներին վստահեցրեց, որ վերջին ժամանակահատվածում ԱՄՆ-ում է գտնվել ոչ թե քաղաքական նպատակներով, այլ առողջական խնդիրների պատճառով:
Հարցին՝ հնարավո՞ր է իրեն Սերժ Սարգսյանն է արգելել զբաղվել քաղաքականությամբ, որի մասին հրապարակումներ են եղել մամուլում, Աբրահամյանը պատասխանեց. «Ես չգիտեմ՝ ով է արգելել, բայց ինձ չի կարող որեւէ մեկն արգելել»:
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընտրությունների ժամանակ Վարդան Օսկանյանի նորաստեղծ «Համախմբում» կուսակցության միանալու հեռանկարին, Արա Աբրահամյանն ասաց. «Գիտեք ինչ կա, ես կարող եմ ասել, որ մենք արդեն պառլամենտական պետություն ենք, ինչքան շատ կուսակցություններ լինեն, այնքան լավ»:
Հարցին՝ ի՞նչ է տալու իր կազմակերպած Եվրասիական տնտեսական ֆորումը, եթե ԵՏՄ մտնելուց հետո Հայաստանի տնտեսությունն անկում է ապրել, իսկ արտահանման ծավալները նվազել են, Արա Աբրահամյանը պատասխանեց, որ դա համապատասխան մեխանիզմների բացակայության հետեւանքով է. «Ես ասել եմ այս մասին, մենք մեխանիզմներ չստեղծեցինք, այ հիմա կլինեն համապատասխան մեխանիզմներ: Մենք ստեղծել ենք մի հարթակ, որն ամեն տարի անցկացնելու է Եվրասիական տնտեսական ֆորում: Մի քիչ համբերեք եւ կտեսնեք, թե դա ինչ դեր ու նշանակություն ունի»:




























