ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը հուլիսի 7-8 Բրատիսլավայում մասնակցել է ԵՄ- Արեւելյան գործընկերության պետությունների նախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը, որտեղ քննարկվել են կոռուպցիայի, փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարում ԵՄ-ում եւ արեւելյան գործընկերության երկրներում առկա մոտեցումները եւ պայքարի արդյունավետ մեխանիզմների ներդրման ուղղությունները:
ՀՀ արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաեւ նշված ոլորտներում մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ Փողերի լվացման դեմ ԵՄ 4-րդ դիրեկտիվով առաջարկվող լուծումներին։
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաեւ դատական համակարգի անկախության, թափանցիկության ամրապնդման ուղիները։ Արփինե Հովհաննիսյանը հանդես է եկել զեկույցներով։ Մասնավորապես՝ նախարարը ներկայացրել է ՀՀ-ում կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում կատարվող միջոցառումները, անդրադարձել է Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի աշխատանքներին, ինչպես նաեւ կոռուպցիայի դեմ պայքարին ուղղված օրենսդրական նախաձեռնություններին։
Արփինե Հովհաննիսյանը ներկայացրել է նաեւ ՀՀ-ում 2012-2016 թվականների դատաիրավական բարեփոխումների ընթացքում դատական համակարգի անկախության եւ թափանիցկության ամրապնդման համար կատարված միջոցառումները, ամրագրված ձեռքբերումները, ինչպես նաեւ հետագա բարեփոխումների տեսլականը։





























