Երկու շաբաթ է՝ տեղեկություններ չկան ակտիվիստ Հագանի Նասիրովի ճակատագրի մասին: Այս մասին հաղորդել է Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցությունը:
Ընդդիմադիրները ենթադրում են, որ Նասիրովը ձերբակալվել է սոցցանցերում երկրի իշխանությունների հասցեին քննադատական կոլաժ հրապարակելուց հետո: Հունիսի 29-ին Facebook-ի Susma («Մի՛ լռիր») խմբում ֆոտոկոլաժ է հրապարակվել, որում Հագանիի կադրերն են՝ զուգարան մաքրելիս:
Ադրբեջանի Ժողովրդական ճակատ կուսակցության փոխնախագահ Գեզյալ Բայրամլիի խոսքով, դատելով ֆոտոկոլաժից՝ Հագանին կարող է վարչական կարգով ձերբակալվածների համար նախատեսված մեկուսարանում լինել: «Բաքվում միայն մեկ նման մեկուսարան կա: Մենք դիմել ենք այնտեղ, բայց մեզ պատասխանեցին, որ նման անունով մարդ չկա»,- նշել է Բայրամլին:
Կուսակցությունում ենթադրում են, որ Նասիրովին հետապնդելու պատճառ կարող էին դառնալ Facebook-ում երկրի ղեկավարության հասցեին քննադատական գրառումները, որոնք նա ուղեկցել է ծաղրանկարներով եւ կոլաժներով:




























