Թուրքական ոստիկանությունը Ստամբուլի օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկչություններին մասնակցության կասկածանքով 6 անձի է ձերբակալել: Բոլորն էլ օտարերկրացի են: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ վկայակոչելով Аnadolu գործակալությունը:

Հետաքննության տվյալներով, ահաբեկիչների հետ կապ ունենալու մեջ կասկածվողներից մեկն անմիջական շփումներ է ունեցել մահապարտների հետ, իսկ մնացյալ հինգը նրա հետ համատեղ են գործել: Ձերբակալվածների քաղաքացիության մասին ոչինչ չի հաղորդվում:

Ստամբուլի Աթաթուրքի անվան օդանավակայանում պայթյունները որոտացել են հունիսի 28-ին: Ահաբեկչության հետեւանքով 44 մարդ է զոհվել, այդ թվում՝ 19 օտարերկրացի, 239 վիրավոր կա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր 30 կասկածյալի ձերբակալության մասին, որոնց թվում 14 օտարերկրացի կա: Էրդողանի խոսքով, ահաբեկչությանը մասնակցել են Ռուսաստանի, Ղրղզստանի եւ Տաջիկստանի քաղաքացիներ, իսկ այն կազմակերպել է ԻՊ ահաբեկչական խմբավորումը: