Իմերեթիի Վանի քաղաքի մեծ մասը, ինչպես նաեւ շրջակա գյուղերը նախօրեին տեղացած հորդառատ անձրեւների պատճառով հեղեղվել են։ Այս մասին «Նովոստի Գրուզիա» գործակալությանը հայտնել է Վանիի շրջկենտրոնի ղեկավար Զազա Խուրցիձեն: Իմերեթիում արդեն մի քանի օր է, ինչ անձրեւներ են տեղում։ Ամենից շատ տուժել է Վանի քաղաքը, ինչպես նաեւ շրջանի հինգ գյուղ: «Տարերքը վնասել է շրջանի գրեթե բոլոր գյուղերը։ Գրեթե յուրաքանչյուր ընտանիքում ջրի տակ են մնացել տների առաջին հարկերը կամ վնասվել են տանիքները, սատկել են շատ ընտանի կենդանիներ, քանդվել են ճանապարհներ»,- հայտնել է Խուրցիձեն՝ ավելացնելով, որ ջուրը ավերել է բանջարանոցները եւ վնասել է էլեկտրահաղորդման լարերը։
Շրջանում իրավիճակը բարդանում է շարունակվող վատ եղանակային պայմանների պատճառով։ Չդադարող անձրեւների պատճառով համապատասխան ծառայությունները չեն կարողանում անցնել մաքրողական եւ վերականգնողական աշխատանքներին: Շրջանային կառավարությունում հայտնում են, որ գազի եւ լույսի մատակարարումները վերսկսելու են փուլերով:




























