ՄԱԿ՝ Աֆրիկյան ծագումով անձանց խնդիրներով աշխատանքային խմբի անդամները դատապարտել են ԱՄՆ–ում ոստիկանների կողմից աֆրոամերիկացիների սպանության դեպքերը։ Նրանք երկրի իշխանություններին կոչ են արել աչք չփակել կատարվածի վրա, հանգամանորեն հետաքննել ողբերգական միջադեպերը, պատժել մեղավորներին եւ արմատախիլ անել երկրում ռասիզմը։ Այս մասին հայտնել է ՄԱԿ նորությունների կենտրոնը։
«Աշխատանքային խմբի փորձագետները վրդովված են եւ վճռականորեն դատապարտում են ԱՄՆ–ում ոստիկանների կողմից 2 աֆրոամերիկացիների սպանության դեպքերը։ Այդ սպանությունները, որոնք տեսագրվել են, չպետք է անուշադրության մատնել։ Մենք կոչ ենք անում անկախ հետաքննություն անցկացնել եւ պատժել մեղավորներին»,– ասված է Աշխատանքային խմբի հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ նաեւ նշվում է, որ աֆրոամերիկացիների սպանությունները վկայում են կառուցվածքային եւ ինստիտուցիոնալ ռասիզմի մասին։
Իրավապաշտպանները ԱՄՆ–ին հետեւողականորեն կոչ են անում վերանայել ազգային քաղաքականությունը եւ հասնել այն բանի համընդհանուր ճանաչմանը, որ սեւամորթ ամերիկացիների կյանքը նույնպիսի արժեք ունի, ինչպես ԱՄՆ բոլոր մյուս քաղաքացիների կյանքը։
Փորձագետները նաեւ դատապարտել են Դալլասում ցույցի ժամանակ ոստիկանների սպանությունը։




























