Ճարտարապետներն ամեն ինչ պետք է անեն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը չքանդվի: Այս մասին այսօր` հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը. «Մեր խնդիրն այն է, որ ամեն ինչ անենք, որպեսզի «Զվարթնոցը» չքանդվի: Կոնցեսիոներն ի սկզբանե ասում էր` ես այն պետք է քանդեմ, պայմանավորվածություն կար, որ մեր ճարտարապետների հետ հանդիպեին, որպեսզի լուծումներ գտնեին այն արդիականացնելու, չքանդելու ուղղությամբ, սակայն, ոչ մի բան էլ չարեցին: Մենք ասում ենք, որ բերեք բոլոր հնարավոր տարբերակները նայենք եւ հետո, եթե քանդվելու ենթակա տեղեր կան քանդեք, որովհետեւ նման փոքր քանդումները կարող են բերել մեծ քանդումների: Մենք նորից դիմում ենք իշխանություններին, որպեսզի կարգի հրավիրեն կոնցեսիոներին, թույլ չտան քանդումը»:
Մկրտիչ Մինասյանը նշեց, որ 2014թ. ճարտարապետները դիմել են ՀՀ մշակույթի նախարարություն, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանը ներառվի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում, սակայն, այդպես է որեւէ քայլ չի կատարվել. «Հիմա մշակույթի նախարարությունը որեւէ բան չի կարողանում անել, քանի որ այն պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկում չէ: Ենթադրում ենք, որ հրաման կա, որպեսզի պետության կողմից պահպանվող հուշարձանների ցանկը չընդլայնվի, որպեսզի ավելորդ ֆինանսական պրոբլեմներ չստեղծվեն»:
Ճարտարապետ Սաշուր Քալաշյանն էլ նշեց, որ այն պատճառաբանությունը, թե «Զվարթնոցի» հին մասնաշենքը վթարային է եւ անհրաժեշտ է հրատապ քանդել, իրականությանը չի համապատասխանում. « Օդանավակայանը մեր պետության սեփականությունն է, այն Էռնեկյանին չի նվիրվել, ընդամենը անժամկետ կամ երկարաժամկետ վարձակալության է տրված եւ պետք է ամեն ինչ անել, որպեսզի «Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը չքանդվի: Այն քանդելու անհրաժեշտություն չկա, ան ինչ ուզում են նրանք լուծել, հնարավոր է մասնաշենքը պահպանելու միջոցով անել, մենք այդ ուղիները գտանք բայց նրանք հրաժարվեցին մեզ հետ համագործակցել»:
Նշենք, որ «Զվարթնոց» օդանավակայանը շահագործման վերցրած կոնցեսիոները սկսել է էստակադայի ապամոնտաժման աշխատանքները, որը հասարակության շրջանում դժգոհություն է առաջացրել:




























