Հրազդան գետում բազմաթիվ ձկների սատկելու պատճառը կարող է լինել  արտադրական թափոնների հետեւանքով ջրի թունավորումը: NEWS.am-ի հետ զրույցում աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը նշեց, որ պետք է հայտնաբերել գետի ախտոտիչները եւ հասկանալ, թե կոնկրետ որ ձեռնարկություններից են դրանք լցվում գետը:

 «4-5  դեպք միայն այս վերջին մի քանի տարում է եղել, որ  մենք իմացել ենք, թե ինչքան էլ եղել է, որ չենք իմացել, չեմ կարող ասել:  Հնարավոր է, որ ինչ-որ արտադրական թափոններ են  լցվում, այնտեղ կան ձեռնարկություններ,  որի հետեւանքով ջրի թունավորում է լինում եւ ձկները սատկում են: Դրա համար էլ գետի ախտոտիչները պետք է հայտնաբերել եւ հասկանալ` ինչ ձեռնարկություններ են դրանք: Երկրորդ տարբերակն էլ այն է, որ ձկնորսները փորձում են այլ եղանակներով ձուկ որսալ` էլեկտրահարման,  քլորի միջոցով: Այժմ պետք է սպասել ուսումնասիրությունների պատասխաններին, որպեսզի հստակ պատասխանը հասկանանք»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց աշխարհագրագետ, Համահայկական բնապահպանական ճակատի անդամ Լեւոն Գալստյանը:

Նա նշեց, որ այսպիսի դեպքեր թույլ չտալու համար անհրաժեշտ է լուրջ վերահսկողություն սահմանել Հայաստանի գետերի նկատմամբ:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Համահայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը 2016 թվականի հուլիսի 3-ին ահազանգ է ստացել, որ Հրազդան գետում՝ Կորեայի ձոր կոչվող հատվածում, կան բազմաթիվ սատկած ձկներ:

ՀՀ բնապահպանության նախարարությունը նմուշառում է կատարել Հրազդան գետից՝ կապված Կորեայի ձոր կոչվող հատվածում բազմաթիվ ձկների սատկելու հետ, սակայն, դեռ արդյունքները պարզ չեն: