ՆԱՏՕ–ի անդամ եւ գործընկեր երկրների ղեկավարները հաստատել են, որ հավատարիմ են Աֆղանստանի երկարաժամկետ կայունության եւ անվտանգության ապահովմանը։ Վարշավայում Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզայի հետ հանդիպման ժամանակ քննարկվել են իշխանությունների կողմից անվտանգության ոլորտին եւ բարեփոխումերի գործընթացին վերաբերող հարցերը։ Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ Աֆղանստանը նախկինի պես բախվում է անկայունության եւ բռնության, ինչի կապակցությամբ քաղաքական, ռազմական եւ ֆինանսական համագործակցությունը կարեւոր նշանակություն ունի։
Ստոլտենբերգի խոսքով՝ համաձայնություն է ձեռք բերվել աջակցել ՆԱՏՕ–ի Վճռական աջակցություն-2016 առաքելությանը եւ Աֆղանստանի անվտանգության ուժերին ֆինանսական աջակցություն ցուցաբերել մինչեւ 2020 թվականը։ «Մեր ուղերձն ակնհայտ է։ Մենք Աֆղանստանին միայնակ չենք թողնի»,– ասել է Ստոլտենբերգը։




























