Ով աշխատում է, ժողովուրդը նրանից պետք է դժգոհ լինի: NEWS.am-ի հետ զրույցում ասաց Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը` անդրադառնալով իշխող կուսակցության՝ ՀՀԿ-ի մասին հանրության կարծիքին:

«Իսկ ումի՞ց է գոհ, ով աշխատում է, նրանից պետք է դժգոհ լինեն: Ժողովրդի դժգոհությունը հնարավորություն է տալիս, որպեսզի մենք ավելի շատ աշխատենք»,-ասաց մարզպետը

Հարցին` մտավախություն չունեն, որ աշնանը սպասվող ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ի հնարավորությունները նվազելու են, քանի որ բոլոր առանցքային կուսակցությունները խորհրդարանական ընտրություններից առաջ ակտիվ մասնակցություն են ունենալու եւ ուժեղ մրցակցություն է լինելու, Ռաֆիկ Գրիգորյանը պատասխանեց. «Եկեք կանխատեսումներ չանենք,  վերջին 15 տարիները ցույց են տվել, որ Հանրապետականը  ՏԻՄ ընտրություններում որեւէ խնդիր չի ունեցել: Ժողովուրդը չի խաբվում, նրանք տեսնում են` ով գործ է անում, նրա կողքին էլ կանգնում են: Ինչ վերաբերում է այլ կուսակցությունների լայն մասնակցությանը, ողջունում եմ առողջ քաղաքական ուժերի մասնակցությունը, որպեսզի ձայները չփոշիանան, որոնք որ Հանրապետականինը չեն»:

Նշենք, որ համայնքային ընտրություններ են սպասվում նաեւ այս մարզում: Սեւան քաղաքում մտադրվել է  կրկին առաջադրվել գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Ռուդիկ Ղուկասյանը: Նախկինում լուրեր էին շրջանառվում, որ վերջինիս հարաբերությունները մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի հետ լարված են: Ղուկասյանը տարբեր շրջանակներում նեղսրտում էր, թե  իր ղեկավարած համայնքին տարբեր պատճառաբանություններով զրկում են ֆինանսավորումից:

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Ղուկասյանի աշխատանքը, Գրիգորյանն ասաց, որ յուրաքանչյուրը իր աշխատանքն է կատարում, դժգոհ գոհ լինելու խնդիր չկա: Իսկ ինչ վերաբերում է  գործող քաղաքապետի թեկնածությանը, ասաց, որ նման հարցեր քննարկելու համար դեռ վաղ է: