Հրազդանցիները մի քանի օր է՝ ծաղիկներ են դնում փողոցի այն վայրում, որտեղ հուլիսի 4-ին ծնողների աչքի առջեւ վրաերթի զոհ էր դարձել 7-ամյա Արմենը:
«Բոլորս ցավում ենք, մեր տեղը չենք գտնում պատահածի պատճառով: Խելոք, համեստ ընտանիքի միակ արու զավակն էր, ու նման դեպքի ոհ դարձավ: Աստծուն աղոթում ենք, որ էլ երբեք նման դեպքերի մաիսն չլսենք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքացիներից մեկը:
Հրազդանցիների խոսքով՝ խաչմերուկը չափազանց վտանգավոր է հաճախ է այդտեղ վթար լինում:
«Լուսացույց չկա, փողոցի կողքին էլ մանկապարտեզ է: Ոչ մի բան չեն անում, որ ողբերգական դեպքեր չլինեն այդտեղ»,- ասաց հրազդանցիներից մեկը:
Հիշեցնենք, որ վրաերթը տեղի է ունեցել հուլիսի 4-ին՝ ժամը 20:00-ի սահմանում: Հրազդանի բնակիչ, 1978թ. ծնված Վանիկ Սարգսյանի վարած «Վազ 2104» մակնիշի ավտոմեքենան քաղաքում դուրս էր եկել երթեւեկելի մասից եւ մայթին վրաերթի ենթարկել հետիոտն, 7-ամյա Արմեն Խամփերյանին, որը տեղում մահացել էր: Փաստի առթիվ Կոտայքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրգործ` ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Ստուգվել է վարորդի սթափության աստիճանը, որը եղել է 0,65 մլ/գ: Վարորդը կալանավորված է:
Նշենք, որ վրաերթի պահը ֆիքսել է այդ վայրում գտնվող տեսախցիկը: Երեխաները քայլելիս են եղել մայթով, երբ «ՎԱԶ 21404»-ը մեծ արագությամբ բարձրացել է մայթ ու վրաերթի ենթարկել տղային: Մյուս երեխաները հրաշքով են ողջ մնացել: Այդ պահին երեխաների ծնողները նրանց հետ են եղել:






























