ԱՄՆ–ում Քալիֆորնիայի նահանգի բնակչին կալանավորել են ռուսական գաղտնի ծառայություններին գաղտնի տեղեկություն փոխանցելու փորձի մեղադրանքով, հայտնում է «Մեդուզան»։

Աղբյուրի տեղեկություններով՝ 49-ամյա Գրեգորի Ալլեն Ջասթիսը, որը՝ որպես ինժեներ է աշխատում Պենտագոնի պատվերները կատարող ընկերություններից մեկում, ցանկացել է գաղտնի տեղեկություն վաճառել ՀԴԲ գործակալին, որը ներկայացել է որպես «ռուս լրտես»։ Այս մասին հայտնել են ԱՄՆ իրավապահ մարմինների ներկայացուցիչները։ Նրանց փոխանցմամբ՝ խոսքը ծրագրային ապահովման եւ ռազմական ու առեւտրային արբանյակներին վերաբերող այլ ինֆորմացիայի  մասին է։

Ջասթիսը տարեսկզբից մի քանի անգամ հանդիպել է ՀԴԲ ծպտյալ գործակալի հետ եւ ամեն անգամ հանդիպման ժամանակ 500-1000 դոլար է ստացել փոխանցվող փաստաթղթերի դիմաց։

Փաստաթղթերից պարզ է դառնում, որ ինժեներին գումարը պետք է եղել հիվանդ կնոջ համար։ Սակայն իրավապահները հայտնել են, որ գումարը նա ծախսել է ուրիշ կնոջ համար, որի հետ նրա հարաբերությունների բնույթը փաստաթղթերում նշված չէ։

Ջասթիսին մինչեւ 35 տարվա ազատազրկում է սպառնում։