ՆԱՏՕ-ն ընդհանրապես չի զբաղվում ԼՂ խնդրի կարգավորմամբ, եւ այն ընդհանրական ձեւակերպումները, որոնք վերաբերում են հիմնախնդիրների կարգավորմանը, որոնք տեղ են գտնում ՆԱՏՕ-ի գագաթաժողովների հայտարարություններում, հռչակագրերում, Ադրբեջանը նորից փորձեր է կատարում ձեւացնել, թե դա աջակցություն է իր մոտեցումներին, բայց իհարկե այդպես չէ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, Վարշավայում լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:

Նրա խոսքով, Բաքուն փորձում է դրանով հիմնավորել իր ռազմատենչ հայտարարությունները, գործողությունները, որոնք հակադրվում են միջազգային հանրության մոտեցմանը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման վերաբերյալ:

«Գիտեք, որ Միացյալ Նահանգները, Ֆրանսիան` երկու եռանախագահող երկրները Հյուսիս-ատլանտյան դաշինքի մաս են կազմում, եւ, Ռուսաստանի հետ համատեղ, Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը վերաբերող հինգ հայտարարություններում, հստակ արտահայտվել են այն սկզբունքների, այն տարրերի վերաբերյալ, որոնք հիմք պետք է հանդիսանան հիմնախնդրի կարգավորման համար:

Հենց այս հայտարարություններն է փորձում անտեսել Ադրբեջանը եւ ամեն կերպ խոչընդոտում է որեւէ հղում կատարելու անգամ այս հայտարարություններին, որոնք բոլոր այն առաջարկների եւ հին եւ նոր գաղափարների հիմք են հանդիսանում` որոշ ինչ-որ ձեւակերպումների նյուանսների փոփոխություններով։ Բայց այդ առաջարկների էությունը նույնն է։ Դրանք հիմնված են հենց այն հինգ հայտարարությունների վրա, որոնք արել էին եռանախագահող երկրները: Իսկ Հայաստանը բազմիցս ասել է, որ պատրաստ է համանախագահ երկրների հետ շարունակել ջանքերը` ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորմանը»,-ընդգծել է Նալբանդյանը: