Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը փորձել են քննարկել Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւի ընդունումից հետո հարաբերությունների լարվածությունը։ Մերկել–Էրդողան հանդիպումը կայացել է Վարշավայում ՆԱՏՕ–ի գագաթնաժողովի շրջանակներում եւ տեւել է 45 րոպե։
Reuters –ի տեղեկություններով՝ Էրդողանը Մերկելին իր հիասթափությունն է հայտնել բանաձեւի ընդունման կապակցությամբ։ Թուրքական աղբյուրների փոխանցմամբ՝ Մերկելը հայտնել է, որ արել է հնարավոր ամեն բան, որպեսզի բանաձեւը վնաս չհասցնի երկու երկրների հարաբերություններին։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Մերկելը նաեւ գոհունակություն է հայտնել այն կապակցությամբ, թե ինչպես է Թուրքիան կատարում միգրանտների հարցում իր ստանձնած պարտավորությունները։
Գերմանական կողմը դեռ չի մեկնաբանել հանդիպման արդյունքները։ Օրվա վերջում սպասվում է երկու առաջնորդների հայտարարությունը։





























