Պուշկինի 4/5 հասցեում գտնվող հանրային գերակա շահ ճանաչված երկհարկանի շենքի երկրորդ հարկի նախկին բնակչուհի Ջուլիետա Գյուլնաշյանն, այսօր՝ հուլիսի 9-ին, ցանկանում էր քանդել իր նախկին տան տանիքը, հատակն ու պատուհանները՝ իր կարիքները հոգալու համար: Տիկին Ջուլիետայի այս արարքը շենքի երկրորդ հարկում բնակվող բնակիչների մոտ դժգոհություն էր առաջացրել. նրանք ահազանգել էին Կենտրոն համայնքի թաղապետարան, որպեսզի կնոջը թույլ չտան քանդել իր նախկին տան հատակը. նրանք ասում էին, որ եթե երրորդ հարկի հատակը քանդվի, ապա կվնասվի իրենց տան կտուրը եւ չեն կարողանա բնակվել այնտեղ:
«Երեք բանվոր վերցրել եկել էր, ասում ա՝ պետքա քանդեմ հատակս, տանեմ, որովհետեւ ինձ պետքա: Չի հասկանում, որ մենք այստեղ դեռ բնակվում ենք ու եթե քանդի իր նախկին տան հատակը, ապա մեր կտուրը կվնասվի ու չենք կարողանա ապրել: Մայրապետյանը Ջուլիետային տվել է այնքան գումար, ինչքան ուզել ա ինքը, իսկ մեզ չի տալիս այնքան գումար, ինչքան մեր տուն արժի, դրա համար էլ այստեղից դուրս չենք գալիս ու մնալու ենք այնքան, մինչեւ մեզ տան մեր տանն համապատասխան գումար»,-NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պուշկինի 4/5 շենքի բնակչուհի տիկին Էմման:
Նշենք, որ Կենտրոն համայնքի թաղապետարանի աշխատակիցները բնակիչների ահազանգով եկել եւ թույլ չէին տվել Ջուլիետա Գյուլնաշյանին քանդել տան հատակը:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ Պուշկինի 4/5 հասցեում գտնվող շենքը հանրային գերակա շահ է ճանաչվել: Այս շենքի նկուղային հարկում է գտնվում Երեւանում պահպանված ամենահին գինու մառաններից մեկը:
Նշենք, որ, ըստ քաղաքապետարանի, «Լոկալ Դիվելոփըրզ» ընկերությունն առայժմ չի ներկայացրել տարածքի կառուցապատման հետ կապված որեւէ նախագիծ: Նույն ընկերությունը կառուցապատում է նաեւ այն տարածքը, որտեղ գտնվում է «Դոլմամա» ռեստորանը: Ռեստորանի հիմնադիր Ժիրայր Ավանյանը պատրաստ է պայքարել, որ ոչ միայն իր սեփականությունը, այլեւ տարածքում գտնվող մյուս 4 շինությունները չքանդվեն:




























