Աշխատանքային այցով Սանկտ Պետերբուրգում գտնվող ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀ եւ ՌԴ միջեւ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ, ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի ուղեկցությամբ այցելել է Սանկտ Պետերբուրգի Պետրոպավլովյան ամրոց: Վարչապետը շրջայց է կատարել ամրոցով, ծանոթացել նրա պատմությանը: Հովիկ Աբրահամյանը եւ Մաքսիմ Սոկոլովը ներկա են գտնվել  կեսօրի ավանդական համազարկին, որի արձակման պատիվը տրվել է Հովիկ Աբրահամյանին: ՀՀ կառավարության ղեկավարը նաեւ գրառում է կատարել պատվավոր հյուրերի գրքում, ներկա գտնվել զինվորական շքերթին:

Այնուհետեւ վարչապետ Աբրահամյանն այցելել է Վասիլեօստրովսկի վարչական շրջանի կենտրոնական Կամսկի այգի՝ ծաղկեպսակ դրել Կոմիտասի հուշարձանին՝ հարգանքի տուրք մատուցելով մեծ երգահանի հիշատակին:  Նշենք, որ Սանկտ Պետերբուրգում  Կոմիտասի հուշարձանի բացումը տեղի է ունեցել նախորդ տարվա նոյեմբերին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակում: 3,3 մետր բարձրությամբ եւ 1,7 մետր պատվանդանով Կոմիտասի գրանիտե հուշարձանի հեղինակը Ռուսաստանի նկարիչների միության անդամ, Սանկտ Պետերբուրգի գեղարվեստաարդյունաբերական ակադեմիայի դոցենտ Լեւոն Բեյբությանն է, ճարտարապետը՝ Մաքսիմ Աթայանցը:

Հովիկ Աբրահամյանն այցելել է նաեւ Սանկտ Պետերբուրգի Սուրբ Կատարինե հայկական եկեղեցի, հանդիպել տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Նա իր խոսքում անդրադարձել է Հայաստանի ներքաղաքական իրավիճակին, արտաքին քաղաքականությանը, տնտեսական իրավիճակին, ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացին, պատասխանել է մեր հայրենակիցներին հուզող բազմաթիվ հարցերի: Վարչապետը գոհունակությամբ նշել է, որ Սանկտ Պետերբուրգի մեր հայրենակիցներն իրենց ծավալած հասարակական, տնտեսական, մշակութային գործունեությամբ բարձր են պահում հայ ազգի հեղինակությունը եւ մեծ ներդրում ունեն Ռուսաստանի զարգացման գործում: