Նախագահ Սերժ Սարգսյանն ուղերձ է հղել «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնին։ Այս մասին տեղեկանում ենք նախագահի աշխատակազմի հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից: Ուղերձում, մասնավորապես, ասվում է.

«Ջերմորեն ողջունում եմ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի կազմակերպիչներին, մասնակիցներին եւ հյուրերին:

Ուրախալի է, որ արդեն 13-րդ անգամ Հայաստանի մայրաքաղաքը դառնում է նման կարեւոր մշակութային իրադարձության կենտրոն: Ավելորդ է խոսել ժամանակակից աշխարհում կինոյի ունեցած դերի եւ նշանակության մասին: Սակայն ավելորդ չէ կրկին ընդգծել մեր նվիրվածությունը մշակութային ու քաղաքակրթական այն հզոր ալիքին, որ կոչվում է համաշխարհային կինեմատոգրաֆիա: Ավելորդ չէ նաեւ կրկին շեշտել մեր հավատարմությունը հայ կինոյին եւ նրա ավանդույթներին, քանզի կինոն հասարակության նորոգման, արժեքների վերաիմաստավորման ու արդիականացման լուրջ խթան եւ բաղադրիչ է:

«Ոսկե ծիրանը» յուրօրինակ պատուհան է դեպի աշխարհ ոչ միայն հայ հանդիսատեսի, այլեւ մասնագետների համար: Մշակութային-հոգեւոր առումով այն նաեւ փորձառությամբ, գիտելիքով, գեղագիտությամբ եւ արվեստով հարստանալու արդյունավետ ճանապարհ է: Ահա «Ոսկե ծիրանի» մեծագույն առաքելությունն ու խորհուրդը:

Կրկին ողջունում եմ «Ոսկե ծիրան» 13-րդ միջազգային կինոփառատոնը՝ մաղթելով հաջողություն եւ լեփ-լեցուն դահլիճներ, իսկ մասնակիցներին եւ հյուրերին՝ անմոռանալի տպավորություններ»: