Ռուսաստանցի պատգամավորն առաջարկում է արգելել սեքսը գովազդում: «Արդար Ռուսաստան»-ից պատգամավոր Օլեգ Միխեեւը Պետդումա օրինագիծ է ներկայացրել, որը փոփոխություններ է առաջարկում «Գովազդի մասին» օրենքում:

Ըստ ՏԱՍՍ-ի, պատգամավորը պահանջում է նշել, որ գովազդում չպետք է «շահագործել սեքսի հանդեպ հետաքրքրությունը, թեթեւաբարո կամ անհարգալից վերաբերմունք ձեւավորել սեռական գործառույթների կամ սեռական գործառույթ իրականացնելու հանդեպ»:

Ներկայում օրենքով արգելված է վիրավորական եւ անպարկեշտ կերպարների կամ արտահայտությունների օգտագործումը, սակայն թույլատրվում է օգտագործել սեքսի հանդեպ ուշադրության վրա հիմնված հնարքներ:

Պատգամավորը նաեւ դժգոհ է եթերում, տպագիր եւ արտաքին գովազդում կանացի կերպարների շահագործումից: Միխեեւի խոսքով՝ կանայք ներկայանում են «որպես սեռական ցանկությունների հնազանդ օբյեկտ, այսինքն՝ տղամարդկանց ենթարկվող երկրորդ կարգի անձ»: