Պաշտոնական տվյալներով՝ հունիսին Հայաստանում գնանկումը տարեկան կտրվածքով կազմել է 1 տոկոս: Ըստ որում՝ սպառողական ապրանքների միջին գները նվազել են 1,5 տոկոսով, իսկ ծառայությունների գները անփոփոխ են մնացել:
Նշենք, որ Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ երկրներում այս ոլորտում իրավիճակը ճիշտ հակառակն է: Այսպես՝ Ռուսաստանում գնաճը հունիսին կազմել է մոտ 7,5 տոկոս, բայց դրա համար ուրախանալու պատճառ չկա:
Բանը միայն այն չէ, որ գնանկումն արգելակում է երկրի տնտեսության առաջընթաց զարգացումը՝ բացասաբար անդրադառնալով ձեռներեցների գործունեության վրա: Բազմիցս է նշվել, որ մեր երկրում գնակումը բնակչության իրական գնողունակության կրճատման ուղղակի հետեւանքն է: Իհարկե, դա չի նշանակում երկրի համընդհանուր աղքատացում:
Վերջին համաշխարհային ճգնաժամի ընթացքում մասնագետները ուշադրություն դարձրեցին մի շարք երկրներում գրանցված մի զարմանալի փաստի վրա: Պարզվում է՝ միջին դասի ֆինանսական վիճակի վատթարացման ֆոնին մեծահարուստների գործերը հակառակը՝ լավացել են: Այսինքն՝ հարուստները դարձել են ավելի հարուստ: Միանգամայն հնարավոր է, որ մեր երկրում իրադարձությունները զարգանում են հենց այսպիսի սցենարով: Այն դեպքում, երբ միջին ցուցանիշները հավասարակշռվում են զրոյական նիշին մոտ, մի շարք մշակաբույսերի շուկայական գները գրանցել են ֆենոմենալ աճ: Ընդհանուր առմամբ, «բանջարեղեն եւ կարտոֆիլ» ապրանքախմբում տարեկան կտրվածքով գներն աճել են 21,4 տոկոսով: Ընդ որում՝ առանձնապես կտրուկ աճել է կարտոֆիլի գինը (համարյա 1,5 անգամ), սմբուկի (նույնպես մոտ 1,5 անգամ), լոլիկի (մոտ 1,3 անգամ) եւ այլն:
Հստակ է, որ այստեղ խախտվում է պահանջարկի եւ առաջարկի հավասարակշռությունը: Եվ դա ամենեւին էլ պայմանավորված չէ բնակչության ընդհանուր գնողունակության աճով: Հաշվի առնենք, որ գների մոնիտորիգի համաձայն՝ վերջին ուսումնասիրությունը կատարվում է յուրաքանչյուր ամսվա 20-ին: Այսինքն՝ հունիսին, մինչեւ որոշ մշակաբույսերի զանգվածային բերքահավաքը: Բացառված չէ, որ շուկա է մատակարարվել այս ճյուղի ավելի քիչ քանակով արտադրանք, քան մեկ տարի առաջ: Դրանից էլ շտապել են օգտվել մանրածախ ապրանքի առեւտրականները՝ շուկայի եւ սուպերմարկետների միջնորդները:
Սմբատ Գրիգորյան




























