Երեւանում կնոջն ու աներոջը կացնահարելու, զոքանչին կացնահարելով սպանելու մեջ կասկածվող 31–ամյա Վլադիկ Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել, նա կալանավորվել է: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից:

Ըստ ՔԿ հաղորդագրության՝ 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանին՝ Կարինե Մանսուրյանի սպանության, Թագուհի և Վաչագան Մանսուրյանների նկատմամբ սպանության փորձ կատարելու համար մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով և 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

Հիշեցնենք, որ հուլիսի 08-ի գիշերը ժամը 04-ի սահմանում Շենգավիթ համայնքի շենքերից մեկում 31-ամյա Վլադիկ Մարտիրոսյանը վիճաբանության ժամանակ կացնահարելով սպանել է նախկին կնոջ մորը եւ կացնի հարվածներով վնասվածքներ հասցրել նախկին կնոջն ու նրա հորը։ Նրանք ծանր վիճակում տեղափոխվել են հիվանդանոց։ Ձերբակալվելուց հետո Վլադիկ Մարտիրոսյանը պատմել է, որ նախկին կնոջ հետ վիճել է այն պատճառով, որ կնոջ ընտանիքը թույլ չի տվել տեսակցել իրենց երկուամյա երեխային։