Գյումրիի «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոցում» այս տարվա մարտի 12-ին նորածնի մահվան դեպքի առթիվ մինչ օրս չի նշանակվել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, որը հնարավորություն կտար պարզելու երեխայի մահվան բուն պատճառը:

Քրգործի շրջանակներում Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակի իրավաբան, փաստաբան Արայիկ Զալյանը ներկայացնում է տուժողի իրավահաջորդ Լիանա Դարբինյանի շահերը:

ՀՔԱ Վանաձորի գրասենյակից հայտնում են, որ մարտի 10-ի լույս 11-ի գիշերը Լիանա Դարբինյանը Գյումրի ծննդատանը Կեսարյան հատման միջոցով ծննդաբերել է՝ ունենալով արական սեռի երեխա: Հաջորդ օրը երեխայի վիճակը կտրուկ վատացել է, եւ ծննդատան անձնակազմը, շտապ կանչելով երեխայի հորը, հայտնել է, որ անհրաժեշտ է երեխային տեղափոխել «Մոր եւ մանկան ավստրիական հիվանդանոց»՝ շնչառական ապարատ միացնելու նպատակով:

Երեխայի տեղափոխումը հնարավոր չի եղել ժամանակին կազմակերպել. հիվանդանոց տեղափոխելուց կարճ ժամանակ անց երեխան մահացել է:

Մահացած նորածնի ծնողները պնդում են, որ երեխայի մահվան պատճառը ոչ պատշաճ բժշկական օգնությունն է եղել: Քրեական գործ է հարուցվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (Բժշկական օգնություն եւ սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ), սակայն դրա շրջանակներում մինչ օրս չի նշանակվել համապատասխան դատաբժշկական փորձաքննություն, որը հնարավորություն կտար պարզելու երեխայի մահվան բուն պատճառը:

Փոխարենը՝ իրականացվել է ԴՆԹ հետազոտություն՝ պարզելու համար՝ արդյոք Լիանա Դարբինյանը մահացած նորածնի մայրն է, թե՝ ոչ: Ակներեւ է, որ հիշյալ հետազոտությունը, ըստ էության, որեւէ կապ չի կարող ունենալ հարուցված քրեական գործի հետ, հետեւաբար եւ՝ չի կարող տալ նորածնի մահվանն առնչվող հարցերի պատասխանները: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Ա. Զալյանը 2016 թ. հուլիսի 1-ին միջնորդություն է ներկայացրել՝ դատաբժշկական փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ՝ հարցադրումներ ներկայացնելով իրականացված բժշկական օգնության եւ նորածնի մահվան հետ դրա ունեցած կապի վերաբերյալ: