2016 թ. հունվարի 1-ի դրությամբ Հայաստանի բնակչությունը կազմել է 2 մլն 998 հազար, որը 2015-ի հունվարի 1-ի դրությամբ նվազել է 14 հազարով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Աննա Հովհաննիսյանը՝ ներկայացնելով «Օժանդակություն բնակչության հարցերով քաղաքականությունների իրականացմանը» ծրագրի շրջանակում 2016 թվականին կատարված «Հայաստանի Հանրապետության բնակչության իրավիճակային վերլուծություն» հետազոտությունը:
Նրա խոսքով, այս նվազումը կապված է բնակչության բնական աճի բացասական միտումներով. այսինքն՝ համադրվել են ծնունդների եւ մահերի թվերը:
«Ազգային վիճակագրական ծառայության եռամսյակային ցուցանիշներով, այս տարվա ապրիլի 1-ի դրությամբ եւս 4000- ով նվազել է բնակչության թիվը՝ 2016-ի ապրիլի 1-ին այն կազմել է 2 միլիոն 994 հազար մարդ: Հովհաննիսյանն ասաց, որ եթե առաջիկա եռամսյակներն էլ հաշվարկենք, ապա կանխատեսվում է, որ տարեվերջին մեր երկրի բնակչությունը տարվա կտրվածքով 16 հազարով կնվազի:
Իսկ ՄԱԿ- ի բնակչության հիմնադրամի հայաստանյան գրասենյակի գործադիր ներկայացուցիչ Գարիկ Հայրապետյանն էլ նշել, որ ամենալավատեսական կանխատեսումներով, 2050 թվականին ՀՀ բնակչությունը կարող է լինել 3 մլն 100 հազար մարդ, իսկ ամենաբացասական ցուցանիշներով՝ 1 միլիոն 700 հազար:
Նրա խոսքով՝ երկրի բնակչության թվի նվազումը լուրջ մտահոգություն է. օրինակ տնտեսապես գրավիչ լինելու համար ամենաքիչը տվյալ երկրում պետք է 5 միլիոն սպառող լինի, որպեսզի երկիրը հրապուրիչ լինի օտարերկրյա ներդրումների համար:
«Եթե նախկինում ասում էին, որ պետք է առնվազն 2,1 մլն բնակչություն լինի, որ հնարավոր լինի պահպանել կայուն բնակչություն, հիմա կան որոշակի միջազգային աշխատություններ, որոնք ասում են՝ քանի որ ունենում ենք տեխնոլոգիաների աճ, աշխատանքի արդյունավետության բարձրացում, 1,9 մլը բավարար է»,-ասաց Հայրապետյանը:




























