Հայաստանի ջրամատակարարման միասնական օպերատորը կարող է հայտնի դառնալ մինչեւ հուլիսի վերջ։ Այս մասին NEWS.am–ի թղթակցին ասել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ջրային տնտեսության պետական հանձնաժողովի պետի տեղակալ Վոլոդյա Նարիմանյանը։
Կոնցեսիոն պայմանագրով նախատեսվում է, որ օպերատորը պետք է ընդլայնի բաժանորդների թիվը։ Այսպիսով՝ այն կսպասարկի հանրապետության բոլոր ներկայիս օպերատորների ցանցը, ինչպես նաեւ աստիճանաբար կյուրացնի այն 570 բնակավայրերի մատակարարումը, որոնք հիմա իրենք են հոգում խմելու ջրի հարցը։
Բացի այդ, նա հիշեցրել է, որ պահանջ է դրվել ջրի համար սահմանել միասնական սակագին ամբողջ հանրապետությունում։
Ինչ վերաբերում է սակագների ձեւավորմանն ու փոփոխությանը, ապա դրանք, ամենայն հավանականությամբ, կմնան նույնը՝ դրամի փոխարժեքը հիմնական արժույթների նկատմամբ, էլեկտրաէներգիայի սակագինը, գնաճը։
Հիշեցնենք, որ կոնցեսիայի 4 հավակնորդների կարճ ցուցակը մարտի 10-ին հաստատել է Կառավարությունը։
Այդ ընկերություններից 3-ը Հայաստանի գործող ջրամատակարար օպերատորներն են։ Դրանք են ֆրանսիական «Saur» եւ «Veolie Generale des Eaux» ընկերությունները, հայկական «էյ ի Ջի Սերվիս» եւ գերմանական «Dekon International GmbH», «Consulacqua Hamburg Beratungsgesellschaft GmbH» եւ «Aufbereitungs und Entsorgungs GmbH» կոնսորցիումը։





























