Թուրքիայի կառավարությունն արգելափակում է երկրի հարավ-արեւելքում քաղաքացիական բնակչության հանդեպ զանգվածային խախտումների անկախ հետաքննությունը: Այս մասին ասված է Human Rights Watch միջազգային կազմակերպության զեկույցում:

Նշվում է, որ թուրքական ուժայինների եւ Քրդական աշխատավորական կուսակցության ապստամբների հակամարտության հետեւանքով խաղաղ բնակիչներ են տուժել: Մասնավորապես, տեղ են գտել քաղաքացիական բնակչության սպանություններ եւ բռնի տեղահանություն, մասնավոր սեփականության ոչնչացում: Բախումների հետեւանքով առնվազն 338 քաղաքացիական անձ է սպանվել:

HRW-ը Թուրքիայի կառավարությանը կոչ է անում ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերի գլխավոր հանձնակատարին եւ ոչ կառավարական կազմակերպություններին անհապաղ թույլ տալ այցելել տարածաշրջան՝ իրադրությանը տեղում ծանոթանալու նպատակով:

Թուրքիայի իշխանությունները, սակայն, հերքում են մեղադրանքները՝ HRW-ի զեկույցը կոչելով սխալ եւ մոլորության մեջ գցող: