Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ծրագրում է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված հստակ քայլեր քննարկել:

Ըստ haqqin.az-ի, խոսելով Ադրբեջանի եւ Ռուսաստանի հարաբերությունների մասին՝ Սերգեյ Լավրովը նշել է, որ դրանք բավական հագեցած են:

Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, Ռուսաստանի ԱԳ նախարարը նշել է, որ այն իսկապես ակտիվացել է: «Հույս ունեմ, որ այսօրվա հանդիպումը կօգնի ավելի հստակ սահմանել հետագա քայլերն ու հստակ քննարկել այդ խնդիրը»,- ասել է Սերգեյ Լավրովը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Իլհամ Ալիեւը նշել է, որ բարձր է գնահատում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի դերը: Նա ընդգծել է բանակցային գործընթացի ակտիվացման հանգամանքը, նաեւ հույս հայտնել, որ բանակցությունների դրական դինամիկան կպահպանվի:

«Բաքու եւ Երեւան Ձեր այցը ցույց է տալիս, որ Մոսկվան շահագրգռված է հակամարտության արագ կարգավորմամբ»,- հավելել է Ադրբեջանի նախագահը: