ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն այսօր՝ հուլիսի 12-ին, ընդունել է ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության անդամ մի խումբ պատգամավորների՝ խորհրդարանի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորությամբ:
Քննարկվել են երկու հայկական հանրապետությունների միջխորհրդարանական կապերի հետագա խորացմանն ու ընդլայնմանն առնչվող հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ փոխնախագահ Վահրամ Բալայանը, պաշտոնատար այլ անձինք:
Նախքան պաշտոնական հանդիպումները, Շարմազանովն այցելել է ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկի մարտական պահպանության դիրքեր:
Առաջնագծում ՀՀ Ազգային ժողովի փոխխոսնակը ծանոթացել է զինծառայողների կեցության պայմաններին, մարտական հերթապահության իրականացման առանձնահատկություններին եւ իրավիճակին: «Պետական այրերը պետք է հաճախ լինեն առաջնագծում, որտեղից ուժ ենք ստանում եւ գիտակցում , որ մենք սխալվելու իրավունք չունենք»,- ասել է նա: Սահմանում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահը վերահաստատել է իր հայտարարություննայն մասին, որ Արցախի անկախությունը որևէ քննարկման ենթակա չէ և Արցախի ճակատագիրը իրավասու է որոշելու միայն արցախահայությունը: «Միակողմանի զիջումներ չեն լինելու, իսկ փոխզիջումները կարող են լինել միայն խելամիտ սահմաններում »,- ընդգծել է Է. Շարմազանովը:




























