Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» դաշինքի անդամ Դավիթ Սանասարյանը բերման ենթարկվելուց հետո տեղափոխվել է հիվանդանոց:
«Բժիշկները ինձ ու Անդրանիկին բերեցին հիվանդանոց, որ ստուգումներ անեն, քանի որ մեքենայի մեջ կարմիրբերետավորները ծեծի են ենթարկել մեզ»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Դավիթ Սանասարյանը` խոստանալով մանրամասներ հաղորդել հիվանդանոցից դուրս գալուց հետո:
Ոստիկանության լրատվական ծառայությունից մեզ հայտնեցին, որ բերման ենթարկվածներից երկու անձ դիմել է բժշկական կենտրոն, որ իրենց նկատմամբ բռնություն է կիրառվել, դեպքն արձանագրված է:
Նշենք, որ Երեւանում այսօր տեղի է ունեցել «Ոչ թալանին» նախաձեռնության հանրային քննարկումը, որի ընթացքում որոշում է կայացվել երթով շարժվել Խորենացի փողոց, որտեղ հուլիսի 17-ին «Սասնա ծռեր» խումբը զինված հարձակում է գործել ոստիկանության ՊՊԾ գնդի վրա եւ պատանդ վերցրել ոստիկանների: Ազատության հրապարակում հավաքված ոստիկանները, սակայն, թույլ չեն տվել քննարկման մասնակիցներին դուրս գալ հրապարակից: Մի խումբ մարդիկ բերման են ենթարկվել, այդ թվում Դավիթ Սանասարյանը: Տեղեկություններ կան, որ բերման ենթարկվելուց հետո բռնության ենթարկվել նաեւ ակտիվիստներ Արտուշ Չիբուխչյանն ու Լեւոն Զաքարյանը:





























