Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձից հետո Moody`s Investors Service միջազգային վարկանիշային գործակալությունը Թուրքիայի երկարաժամկետ վարկային վարկանիշը ընդգրկել է դեպի նվազեցում վերանայվող վարկանիշների ցանկում, գրում է Bloomberg-ը:
Նշում են, որ Moody`s–ը կքննարկի Թուրքիային վարկային Baa3 վականիշ տրամադրելու հավանականությունը, որը ներդրումային մակարդակի ամենացածր մակարդակն է: Նաեւ գործակալությունը կգնահատի ձախողված հեղաշրջման միջնաժամկետ հետեւանքները :
«Չնայած հեղաշրջումը չի հաջողվել, իրադարձությունն ինքնին ամենայն հավանականությամբ կհանգեցնի երկրի տնտեսական խննդիրների սրման»,- համարում են վերլուծաբանները :
Նրանց կարծիքով ռազմական հեղաշրջման փորձը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի ներսում օտարերկրյա ներդումների վրա:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման փորձը կատարվել է հուլիսի 16–ի լույս գիշերը: Ժողովրդին ուղղված՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի կոչից հետո նրա կողմնակիցները դուրս են եկել փողոց ու խոչընդոտել զինվորականների առաջխաղացմանը, փակել տանկերի ճանապարհը: Հուլիսի 16–ի առավոտյան զինվորականները սկսել են հանձնվել ոստիկաններին, ձերբակալվել են զինված ուժերի մեծաքանակ պաշտոնյաներ, որոնց մեղադրում են հեղաշրջմանը մասնակցություն ունենալու մեջ:



























