Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն հրատարակել է Հայաստանում խոսքի ազատության վիճակի եւ լրագրողների իրավունքների խախտումների մասին հերթական զեկույցը։ Հոկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին տեղեկացրեց այդ կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Նրա խոսքով, եթե նախկինում կոմիտեն զեկույցներ ներկայացնում էր տարին մեկ անգամ, ապա այսուհետ զեկույյցները կհրապարակվեն եռամսյակը մեկ։
Ներկայացնելով արդեն պատրաստ զեկույցում տեղ գտած տվյալները՝ Աշոտ Մելիքյանը փաստեց, որ ի զարմանս իրեն՝ 2010 թվականի հուլիս-սեպտեմբեր ամիսներին Հայաստանում լրագրողների հանդեպ ֆիզիակական բռնության որեւէ դեպք չի արձանագրվել։
«Սա աննախադեպ երեւույթ է ոչ միայն այս, այլ նաեւ վերջին մի քանի տարիների համար։ Ի տարբերություն 2010 թվականի առաջին եւ երկրորդ եռամսյակների՝ 3-րդ եռամսյակի ցուցանիշը զրոյական է։ Առաջին եռամսյակում, օրինակ, լրագրողների հանդեպ գրանցվել է ֆիզիկական բռնության 5, երկրորդ եռամսյակում՝ 3 դեպք»,- նշեց նա, հավելելով, որ նվազել է նաեւ տեղեկություններ ստանալու եւ տարածելու իրավունքի խախտումների թիվը։ «2010 թվականի առաջին եռամսյակի 6 եւ երկրորդ եռամսյակի 5 դեպքերի դիմաց, երրորդ եռամսյակում գրանցվել է նման 3 դեպք։ Ինչ վերաբերում է լրատվամիջոցների եւ նրանց աշխատակիցների վրա ճնշումներ գործադրելու դեպքերին, ապա այստեղ 5-ական դեպքեր են արձանագրվել ինչպես երկրորդ, այնպես էլ երրորդ եռամսյակներում»,- ամփոփեց Աշոտ Մելիքյանը։



























