ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հուլիսի 20-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել ՀՀ ՊՆ ՌՈ վարչությունում, որի ընթացքում ռազմական ոստիկանության ղեկավար կազմի հետ ամփոփվել են 2016 թ. առաջին կիսամյակում ՌՈ համակարգի կատարած աշխատանքները: Խորհրդակցությանը մասնակցել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանը:
ՊՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զեկույցներով հանդես են եկել ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գեներալ-մայոր Սամվել Ղուկասյանը, ՊՆ ռազմական ոստիկանության շտաբի պետ, գնդապետ Արմեն Մնացականյանը, ՌՈ պետի տեղակալներ, գնդապետեր Արամ Բաղդասարյանը և Ստանիսլավ Հովհաննիսյանը:
Պաշտպանական գերատեսչության ղեկավարին են ներկայացվել հաշվետու ժամանակահատվածում զորամասերում հանցագործությունների և պատահարների նվազեցման և այլ ուղղություններով իրականացված աշխատանքների արդյունքները: Այդ աշխատանքներ նպատակաուղղված են եղել զինված ուժերում կարգապահության ամրապնդմանը, հանցագործությունների կանխարգելմանը, կանխմանն ու բացահայտմանը, ինչպես նաև կանոնադրային հարաբերությունների վրա բացասաբար ազդող հանգամանքների ու պատճառների վերհանմանը: Աշխատանքային խորհրդակցության ընթացքում ներկայացվել են նաև առաջիկա աշխատանքների կազմակերպման գերակա ուղղությունները:
Դրանք են՝ զորամասերում միջանձնային կանոնադրային հարաբերությունների պահպանումը, զորամասերում արատավոր բարքերի ներթափանցման կանխումը, հանցագործությունների դեմ պայքարը, կանխարգելիչ ու դաստիարակչական նախաձեռնությունների արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքները:
Ամփոփելով խորհրդակցության արդյունքները` պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը կարևորել է զորամասերի հրամանատարության հետ շարունակական աշխատանքը, քանի որ զինվորական կարգապահության որակական առաջընթաց կարելի է ապահովել միայն այն դեպքում, երբ հրամանատարների հետ համատեղ աշխատանքների արդյունքում զինծառայողների համար ստեղծվի ծառայողական առողջ մթնոլորտ:
ՌՈ հետագա գործունեությունն ու հետագա աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու և իրականացնելու նպատակով Սեյրան Օհանյանը տվել է համապատասխան ցուցումներ ու հանձնարարականներ:





























