Քաղաքացի Մարինե Ծ.-ն, նախազգուշացված լինելով սուտ մատնություն կատարելու համար նախատեսված քրեական պատասխանատվության մասին, հայտնել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից առերեւույթ բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու վերաբերյալ տվյալներ:
Մասնավորապես՝ Մարինե Ծ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության Դիլիջանի բաժնի աշխատակիցների կողմից իրեն եւ ընտանիքի անդամներին իրենց տարածքից վտարման փորձ կատարելու ժամանակ նույն բաժնի պաշտոնատար անձն անհամաչափ բռնություն է կիրառել իր նկատմամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Բացի այդ, նույն տարածքից իրեն ու ընտանիքին վտարելու ժամանակ՝ որպես պարտատեր հանդես եկող ՍՊ ընկերության աշխատակիցը եւս բռնություն է կիրառել իր նկատմամբ, որի հետեւանքով ստացել է մարմնական վնասվածքներ:
Քաղաքացի Մարինե Ծ.-ի հաղորդման հիման վրա՝ պետական հատուկ ծառայություն իրականացնող պաշտոնատար անձի կողմից բռնության գործադրմամբ զուգորդված պաշտոնեական լիազորություններն անցնելու դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցված քրեական գործն ընդունվել է ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթ:
Նախաքննությունը շարունակվում է:





























