Ֆրանսիան հասկանում է, որ Մեծ Բրիտանիային ժամանակ է անհրաժեշտ՝ Եվրամիությունից դուրս գալու հարցով բանակցություններին պատրաստվելու համար: Այս մասին Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ բանակցություններից հետո:
Ըստ AFP-ի, նա, միաժամանակ, զգուշացրել է, որ Լոնդոնը պետք է ընտրություն կատարի ազատ տեղաշարժի եւ առեւտրային սահմանափակումների դեմ:
«Միացյալ Թագավորությունը որոշել է լքել ԵՄ-ն: Դա նրանց ընտրությունն է, նրանց պատասխանատվությունը, եւ մենք հարգում ենք այդ որոշումը: Նախնական որեւէ քննարկում կամ բանակցություն հնարավոր չէ»,- նշել է Օլանդը՝ հավելելով, որ ԵՄ-ի կազմից դուրս գալու շուրջ բանակցություններին նախապատրաստման գործընթաց է անհրաժեշտ:
Օլանդի խոսքով՝ Մեծ Բրիտանիան պետք է ընտրություն կատարի եվրոպացիների ազատ տեղաշարժի եւ ԵՄ անդամ երկրների հետ առեւտրային սահմանափակումների միջեւ: «Դա ամենակարեւորն է: Բրիտանիան պետք է ընտրություն կատարի»,- ասել է նա:
Թերեզա Մեյն էլ նշել է, որ հավատարիմ է Բրիտանիա միգրանտների հոսքը սահմանափակելու դիրքորոշմանը: «Բրիտանացի ժողովուրդը հստակ մեսիջ ուղարկեց՝ կողմ քվեասրկելով ԵՄ-ի կազմից դուրս գալուն: Մենք պետք է վերահսկենք ԵՄ երկրներից դեպի Բրիտանիա մարդկանց տեղաշարժը»,- նշել է նա:





























