Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանի կողմից ծեծի ենթարկված Արթուր Գեւորգյանը բարոյական սկզբունքներից ելնելով բողոք չի ներկայացրել նրա դեմ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա պաշտպան Հովիկ Արսենյանը:

«Լինելով ոստիկանի որդի եւ եղբայր, իրավիճակն այնպես գնահատեց, որ բարոյական չի լինի, որ բողոք ներկայացնի: Ոստիկանապետի գործողությունների անիրավաճափ լինելու գնահատակն էլ պետք է վերադաս մարմինները տային»,- ասաց պաշտպանը:

ՀՔԾ-ն, սակայն, ոստիկանապետի գործողություններում հանցանք չի տեսել: Հանցանք չի տեսել նաեւը Արթուր Գեւորգյանի գործողություններում, որին որպես մեղադրյալ էին ներգրավել գործում եւ կարճել էդեպքի առթիվ հարուցված քրեական գործը:

Ի դեպ, միջադեպից հետո պաշտոնից ազատված ոստիկանապետը օրեր առաջ վերականգնվել է:

Հիշեցնենք, որ մամուլում տեսանյութ էր հայտնվել, որտեղ երեւում էր, թե ինչպես է Գորիսի ոստիկանապետ Գեւորգ Ազիզյանը ծեծում մի քաղաքացու: Պարզվել էր, որ միջադեպը տեղի էր ունեցել մարտի 8-ին՝ ժամը 22:15-ի սահմանում, Գորիսում գտնվող «Դիանա» հյուրանոցային համալիրին հարող տարածքում, ծեծվել էր ոստիկանապետի տեղակալի եղբայրը՝ Արթուր Գեւորգյանը: Տուժած Արթուր Գեւորգյանը հետագայում ներգրավվել էր գործում որպես մեղադրյալ ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով, նա կալանավորվել էր, ապա ազատ արձակվել:  Գործը քննչական կոմիտեից տեղափոխվել էր ՀՔԾ, որոշ ժամանակ անց կարճվել՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Նշենք, որ միջադեպից հետո՝ մարտի 22-ին, ոստիկանապետի հրամանով Գեւորգ Ազիզյանի լիազորությունները դադարեցվել էին: