Ամեն օր մեկը մյուսին հաջորդում են «սենսացիոն» նորություններ նավթի ֆյուչերսային գների ցատկի կամ անկման մասին:
Հաշվարկների համաձայն՝ աշխարհում նավթի ամբողջ ծավալի 70 տոկոսը վաճառվում է ֆյուչերսներով: Մնացածը՝ երկարաժամկետ պայմանագրերով ուղիղ (առանց բորսա մտնելու), որոնց գները պարբերաբար կարգավորվում են ըստ բորսայական գների: Այդ իսկ պատճառով ֆյուչերսային վաճառքի նշանակությունը դուրս է բորսայական առեւտրի շրջանակից:
Ֆյուչերսի ժամկետը մեկ ամսից մինչեւ մի քանի տարի է: Բայց նավթի դեպքում այդպիսի պայմանագրերը սովորաբար կնքվում են հաշված ամիսներ առաջ: Այդ ընթացքում միեւնույն ֆյուչերսը կարող է մի քանի անգամ վերավաճառվել: Արդյունքում՝ ֆյուչերսներով վաճառվող նավթի ընդհանուր քանակը բազմապատիկ անգամ գերազանցում է իրական առաջարկը:
Ըստ էության, ֆյուչերսը բորսայական խաղ է: Ավելի պարզ ասած՝ ծամծմված սպեկուլյացիա՝ ավելի էժան գնել, ավելի թանկ վաճառել: Որոշ փորձագետներ նույնիսկ կարծում են, որ որ երբեմն նավթի գների դինամիկան ուղղակի կապ ունի պահանջարկի եւ առաջարկի միջեւ հարաբերակցության հետ: Այսինքն՝ իրենց դերակատարումն ունեն բորսայում կատարվող սպեկուլյացիաները:
Ռուսաստանի համար նավթի համաշխարհային գները հսկայական նշանակություն ունեն: Ըստ որոշ հաշվարկների՝ Ռուսաստանի բյուջեի ավելի քան կեսը ապահովում են նավթը եւ բնական գազը: Շահույթը ստացվում է ինչպես ուղղակի ճանապարհով (մաքսային եւ օգտակար հանածոների արդյունահանման հարկերի միջոցով), այնպես էլ՝ անուղղակի (նավթային ընկերությունների շահութահարկի, բենզինի ակցիզների եւ այլն): Ինչպես հայտնի է, նավթի համաշխարհային գների անկումը Ռուսաստանը փորձեց փոխհատուցել ԱՄՆ դոլարի նկատմամբ ռուբլու «թուլացմամբ»:
Ռուսաստանցի որոշ մասնագետներ նշում են նավթադոլարների հոսքի եւ տնտեսության այլ ոլորտների իրավիճակի միջեւ ուղիղ կապը: Ահա ընդամենը մեկ օրինակ՝ երբ նավթադոլարների հոսքն աճում է, ապա բնակարանի պահանջարկը եւս աճում է: Արդյունքում անշարժ գույքը թանկանում է, ինչը խթանում է բնակարանային շինարարության մեջ ներդրումները: Ներկայումս Ռուսաստանում հակառակ պատկերն է. բնակարանի առաջնային շուկայում պահանջարկը նվազում է, բնակարանային շինարարությունը կրճատվում: Հիշեցնենք, որ Ռուսաստանում մեր աշխատանքային միգրանտների զգալի մասը զբաղված է հենց շինարարության ոլորտում:
Ստորեւ ներկայացվող աղյուսակում ներկայացված է ընթացիկ տարվա հունվար-հունիսին Brent տեսակի նավթի միջին ամսական գների դինամիկան: Թրենդն ունի աճող բնույթ, սակայն վերջին շրջանում նկատվել է նվազման որոշակի միտում:





























