ՀՀ պաշտպանության նախարարության, «Օգնություն եւ իրավունք» հասարակական կազմակերպության եւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի նախաձեռնությամբ Երեւան քաղաքի Կենտրոն վարչական  շրջանի զինվորական կոմիսարիատում զորակոչիկները լրացրել են «Անձնային հարցարան» հոգեբանական հարցաշարը:

Այս նորամուծությունն իրականացվում է Հայաստանի եւ Ավստրիայի զինված ուժերի փոխգործակցության շրջանակում: Հոգեբանական հարցաշարը լրացնելու են հանրապետության բոլոր զինկոմիսարիատներում:

Իրավիճակային հոգեբանական հարցաշարի պատասխանների միջոցով ձեւավորվում է զորակոչիկի հոգեբանական պատկերը, ինչի շնորհիվ էլ զորամասի հրամանատարությանը պարզ է դառնում, թե նորակոչիկ զինվորը որքանով է դիմացկուն, սթրեսակայուն եւ պատրաստ տարբեր հանձնարարություններ կատարելուն: Հոգեբանական խնդիրներ ունեցող զորակոչիկների պարագայում էլ զորամասի սպայական կազմն արդեն անհրաժեշտ հատուկ ուշադրություն կտրամադրի զինծառայողին:

Հոգեբանական թեստի անցկացման նպատակն է նվազագույնի հասցնել զինված ուժերում խաղաղ պայմաններում զոհերի եւ վիրավորումների դեպքերը, ինչպես նաեւ դյուրացնել սպաների աշխատանքը միջանձնային հարաբերությունների կարգավորման հարցում:

Ծրագրի հաջող ընթացքի դեպքում կկազմվի համակարգչային ծրագիր, որն ընդհանրացնելով զորակոչիկի պատասխանները՝ կտա նաեւ նրա հոգեբանական կայունության եւ տարբեր միջավայրերում ադապտացվելու գնահատականը: